Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Րաֆֆին «ազատագրումը» սկսում է մարզերից

Րաֆֆին «ազատագրումը» սկսում է մարզերից
09.03.2013 | 03:11

Անկախ այն բանից՝ տեղի կունենա՞ իշխանափոխություն, թե ոչ, Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու զոհաբերել հանրության համար անընդունելի դարձած, պարբերաբար բռնություններ ու ընտրակեղծիքներ իրականացնող և այդպիսով Սարգսյանին «արջի ծառայություն» մատուցող որոշ օդիոզ պաշտոնյաների: Այդ են պահանջում ոչ միայն հայ հասարակության շահերը, այլև՝ միջազգային հանրությունը, որը ներկայացնող առանձին պաշտոնյաներ, այցելելով Հայաստան, խոսում են ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարների մասին:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է վաղը մեկնել մարզեր և ազատագրումը սկսել մարզերից: Նա կարծում է, որ մարզպետներն են ստեղծում այն վախի մթնոլորտը, որի պատճառով ՀՀ քաղաքացին զրկվում է իր կամքն ազատ արտահայտելու հնարավորությունից: Այդ իսկ պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակիցների հետ միասին պատրաստվում է մեկնել Գեղարքունիքի մարզ և պահանջել մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հրաժարականը, «Ժառանգության» մեկ այլ խումբ էլ պատրաստվում է նույն օրը ազատագրել Սյունիքի մարզը նրա մարզպետից՝ Լիսկայից: Րաֆֆիին զայրացրել է այն փաստը, որ իրավապահ մարմինները Լիսկայի փոխարեն քրեական գործ են
հարուցել Սյունիքի մարզի Ծավ գյուղի խեղճուկրակ գյուղապետի նկատմամբ: Հետո նախատեսվում է գնալ Հովիկ Աբրահամյանի «մայդան» (բառը Րաֆֆիինն է)՝ Արտաշատ, որը Հովիկ Աբրահամյանի սեփականությունը չէ:
Այսքանից հետո Րաֆֆին ակնկալում է իր կողմից հարգված Սերժ Սարգսյանի հրաժարականը, որի վերաբերյալ էլ պատրաստվում է մարտի 10-ին հանդես գալ հայտարարությամբ: Մարտի 10-12-ը Հարավային Կովկաս կատարելիք այցի շրջանակներում Հայաստանում է լինելու Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը: Վերջինս նախատեսում է քննարկել ԵՄ- Հայաստան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության ապահովման և Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև առեւտրի ու ներդրումների ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Որ Եվրամիության երկրներն այս օրերին ակնհայտ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, դա երևում է նաև Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի՝ Հայաստան կատարած այցից: Վերջինս, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել են Սերժ Սարգսյանին: Ուշագրավ է, սակայն, որ նույն Լամմերթը ԵՊՀ-ում կարդացած դասախոսության ժամանակ նշել է, որ ցանկանում է մեր երկրում տեսնել քաղաքական երկխոսություն:
«Հայաստանում հետաքրքիր քննարկում է ընթանում ոչ միայն Նախագահի ընտրությունների, այլև՝ երկրի ապագայի առնչությամբ»,-ասել է Լամմերթը, հավելելով, սակայն, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու նույնիսկ հեռավոր ծրագրեր չպետք է ունենա: Եվրոպական քաղաքականությունն իրականացնող պաշտոնյաներն այդպիսով փորձում են Հայաստանը դուրս բերել Եվրամիության մայրուղի՝ ակնկալելով միաժամանակ, որ այստեղ կլինեն բարեփոխումներ: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց այն ընդդիմադիր կերպարն է, որը կօգնի իշխանությանը բարեփոխումների մեկնարկը սկսել մարզերից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ